ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունից Sputnik Արմենիային պարզաբանել են, թե ինչպես են պատրաստվում ապահովել տեղեկության գաղտնիությունը քաղաքացիներին ժամանակակից սպառազինության և ամրաշինական կառույցների ցուցադրման ժամանակ։
Ինչպես հայտնի է, այս գաղափարով նոյեմբերի 8-ին հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ կառավարությունը պատրաստ է նախկին ղեկավարներին և շարքային քաղաքացիներին ցույց տալ բանակի արդիականացման արդյունքները՝ նոր սպառազինությունը, տեխնիկան ու վերջին տարիներին իրականացրած ինժեներական աշխատանքները։ Այդ նպատակով նա առաջարկել է 50 հոգանոց խմբեր ստեղծել և նրանց համար այցելություններ կազմակերպել ռազմական օբյեկտներ։
Ինչպես նշել են Փաշինյանի աշխատակազմից մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ քաղաքացիներին ծանոթացման ենթակա տեղեկատվության` պետական գաղտնիք հանդիսանալու պարագայում` բարձրացված հարցը պետք է դիտարկվի «Պետական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված կարգավորումների շրջանակներում` հաշվի առնելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանությանը և պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումները։
Եթե ծանոթացման ենթական տեղեկատվությունը պետական գաղտնիք չպարունակի, սակայն նպատակահարմար չլինի դրա հրապարակումը, ապա այդ տեղեկատվության կոնֆիդենցիալությանը (գաղտնապահության) ապահովման ուղղությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ այլ միջոցառումներ (տեսալուսանկարահանման, բջջային հեռախոսների օգտագործման արգելք)։
Ինչ վերաբերում է քաղաքացիների խմբերի ընտրությանը, ապա այդ հարցում սահմանափակումներ չկան` առաջարկը վերաբերելի է ՀՀ բոլոր քաղաքացիներին` անկախ քաղաքական հայացքներից։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն իր որոշումը հնչեցրել է ի պատասխան 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանի և նրա թիմի գործողությունների հետ կապված ՀՀ երրորդ նախագահի քննադատության։ Վարչապետն այս գաղափարն առաջ է քաշել` նպատակ ունենալով ցույց տալ այն տարբերությունը, որը եղել է նախորդներից ստացած ժառանգությունից հետո։
Ընդդիմադիր պատգամավորներն արդեն քննադատել են վարչապետի առաջարկը, հայտարարելով, որ հանուն նախընտրական «փիառի» իշխանությունները «բանակն ագիտացիոն գրասենյակի են վերածել»։ Ընդդիմադիրները կարծում են, որ «էքսկուրսիայի» կազմակերպիչներին չի հաջողվի երաշխավորել կոնֆիդենցիալությունը, և տեղեկատվության արտահոսքերն անխուսափելի կլինեն, անկախ նրանից, թե ինչ միջոցառումներ կձեռնարկվեն գաղտնիությունը պահպանելու համար։