ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նույնականացման քարտի նոր արտաքին տեսքը և անվտանգային բաղադրիչները հաստատվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս, որտեղ էլ հաստատել են նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։
ՀՀ նույնականացման քարտի նոր արտաքին տեսքը և անվտանգային բաղադրիչները հաստատվել են
«Մեկնարկել է հումքի արտադրությունը։ Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախարարին են ներկայացվել սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի մոդեռնիզացիոն ուղղություններն ու տեխնիկական լուծումները։
Բացի այդ, այցի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացիկ իրավիճակին, զարգացման գործընթացին, սպասվող նորարարություններին։ Նախարարը նշել է, որ առաջնահերթություն է կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցումը։
ՆԳՆ–ից նաև տեղեկացրել են, որ առավելագույն ջանք է գործադրվում` խոստացված ժամկետում՝ 2026 թվականի 2–րդ կիսամյակում, կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը սկսելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները։