ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան շփումներ է ակնկալում Ռուսաստանի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցի շուրջ՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիտկոֆի և Ուկրաինայի առաջնորդ Զելենսկու հետ Անկարայում սպասվող բանակցություններից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:
«Պարոն նախագահը (Թայիփ Էրդողանը) ավանդաբար իրականացնում է հակամարտությունների կարգավորման վերաբերյալ իր հեռախոսային դիվանագիտությունը: Ուկրաինական թեման շարունակում է մնալ նրա արտաքին քաղաքականության օրակարգի կենտրոնում: Հետևաբար, հավանականությունը, որ այսօրվա բանակցություններից հետո շփումներ կլինեն նաև ռուսական կողմի հետ, բավականին բարձր է: Ինչ մակարդակում, դեռ չեմ կարող ասել», – ասել է գործակալության զրուցակիցը:
Այսօր Անկարայում Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո ակնկալվում է, որ Էրդողանը հայտարարությամբ հանդես կգա ԶԼՄ–ների համար:
Զելենսկին, Թուրքիա սպասվող իր առաջիկա այցի ֆոնին, պնդել էր, որ ցանկանում է ակտիվացնել բանակցային գործընթացը և վերականգնել գերիների փոխանակումը։ Մեկնաբանելով այս հայտարարությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Ստամբուլում շփումները դեռ տեղի են ունենում առանց Ռուսաստանի մասնակցության, և որ Մոսկվան Կիևից որևէ տեղեկատվություն չի ստացել բանակցությունները վերսկսելու մտադրության մասին: Պեսկովի խոսքով՝ Զելենսկին, խոսելով երկխոսության ակտիվացման մասին, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել Թուրքիայի հետ շփումները, որոնց, հավանաբար, կմիանա Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը:
Կրեմլի ներկայացուցիչը նշել էր, որ Մոսկվան դեռևս չի կարող գնահատել Կիևի երկխոսության պատրաստակամությունը, քանի որ տեղյակ չէ բանակցությունների համար Կիևի կողմից պատրաստված որոշումներում ինչի մասին է խոսքը: