ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Որդու կողմից հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն ։
«Պարզվել է, որ անչափահաս որդին հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելու և նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժխնդիր լինելու շարժառիթով, խոհանոցային դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել՝ վերջինիս արթնանալու և դանակը որդու ձեռքից խլելու պատճառով»,– ասաված է հայտարությունում։
Նախաքննական մարմինը հայտնում է, որ անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով` մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանության փորձը։ Որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Sputnik Արմենիայի տեղեկությունով՝ թեև խափանման միջոցը տնային կալանք է, սակայն անչափահասը հորից առանձնացված է։
Քննչականից հայտնել են, որ քրեական գործի նյութերը փոխանցվել են դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: