ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Արդյունաբերության ոլորտում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) տվյալների շտեմարանի ստեղծումը թույլ կտա մեծացնել համագործակցության և արտադրության ծավալները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Նման գործիքի ստեղծումը թույլ կտա ավելացնել համագործակցության ծավալները նաև արդյունաբերական հատվածում, կնպաստի արտադրական հզորությունների համատեղ զարգացմանը, ներմուծման փոխարինմանը, նոր տեխնոլոգիաների և թվային նորարարությունների, այդ թվում՝ արհեստական բանականության ներդրմանը», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ՇՀԿ տարածքում լոգիստիկ երթուղիների ցանցի կառուցման ընդհանուր ջանքերը:
«Հարկ կլինի շարունակել համատեղ ջանքերը ՇՀԿ-ում և ամբողջ Եվրասիայում լոգիստիկ երթուղիների ճյուղավորված և մրցունակ ցանց կառուցելու ուղղությամբ», - ասել է նա:
ՇՀԿ-ին անդամակցում է 10 պետություն՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Մոսկվայում անցկացվող հանդիպմանը հրավիրված են նաև երկխոսության գործընկեր պետությունների և դիտորդների, շահագրգիռ երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների և միավորումների գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ: