«Մարտի 1–ի» գործը փակուղի չի մտել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մեկնաբանությունը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նշեց, որ «Մարտի 1–ի» գործը ՔԿ վարույթում չի քննվել ու ներկայումս էլ չի քննվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. 2008 թ. «Մարտի 1–ի» գործը փակուղի չի մտել։ Այդ մասին այսօր ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով Ազգային ժողովում տեղի ունեցած հանրային քննարկմանը հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
«Ես խոստանում եմ, որ օրենքով սահմանված բոլոր միջոցներն ու հնարավորությունները կիրառվելու են, որպեսզի մենք ունենանք ամբողջական բացահայտում նաև «Մարտի 1»–ի գործից անջատված մասով»,– վստահեցրեց նա։
Նշենք, որ 2019թ–ից «Մարտի 1-ի» գործից անջատված մաս կա, որով քննվում են 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների հանգամանքները։
Քննարկման մասնակիցներից մեկը նրանից նաև հետաքրքրվեց` ի վերջո, հիմնավորվե՞լ է ՀՀ զինված ուժերի, մասնավորապես ԼՂ–ից բերված ուժերի մասնակցությունը մարտի 1–ի իրադարձություններին։ Ի պատասխան կոմիտեի նախագահը նշեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով շատ բան չի կարող ասել։
«Կարող եմ միայն ասել, որ քրեական վարույթով հիմնավորվել է` պատշաճ ապացույցներ ձեռքբերվել են, որ բանակը մասնակցություն ունեցել է մարտիմեկյան իրադարձություններին, սակայն նախաքննության շահերից ելնելով թույլ տվեք չկոնկրետացնել, թե որտեղի որ զորամասից։ Այդ ուղղությամբ քննություն է կատարվում»,– ընդգծեց Նահապետյանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն իր հերթին ասաց, որ «Մարտի 1–ի» գործը ՔԿ վարույթում չի քննվել ու ներկայումս էլ չի քննվում։
«Այս տարի, սակայն, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ քննչական խումբ կազմվեց, և ՔԿ քննիչները համատեղ ակտիվ նախաքննություն են իրականացրել»,– տեղեկացրեց Պողոսյանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր հերթին նշեց, որ «Մարտի 1–ի» 625 հատորանոց գործը մի վարույթի շրջանակում չի կարող քննվել, դրա համար էլ ըստ դրվագների, ըստ ուղղությունների նախաքննությունն այս պահին անջատում է, որպեսզի հնարավոր լինի առանձին դրվագներով գործն ուղարկել դատարան և դատաքննությունն ավարտել։
«Հակառակ դեպքում` այդքան մեղադրյալներով դատաքննությունը կարող է իմ կենդանության օրոք էլ չավարտվի»,– ընդգծեց Վարդապետյանը։
Ի դեպ, գործի դրվագներից մեկը վերաբերում է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի վերաբացված գործին։
«Դատախազական մասնակցությունն այս գործի քննությանը լինելու է հետևողական ու անընդհատ, այսինքն` բացակայությունները բացառված են։ Բացի այդ, դատարանի հետ մենք ժամանակացույց կսահմանենք, որպեսզի նաև տուժողի իրավահաջորդների համար կանխատեսելի լինի»,– վստահեցրեց Վարդապետյանը։
ՀՀ գլխավոր դատախազը նաև նշեց, որ այս գործով քննություն իրականացնող դատավորի լիազորությունները դադարեցված են, և գործը մակագրվել է նոր դատավորի։
Նշենք, որ խոսքը վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանին, որը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն էր։ Նրա լիազորությունները դադարեցվել են 2024 թ. հուլիսին։
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։