ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Իրանական կողմը պատրաստ է քննարկել Ռուսաստանի և Չինաստանի միջնորդական առաջարկները, եթե այդպիսիք կան, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Թեհրանի համագործակցության վերականգնման թեմայով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Քամալ Խարազին։
Ինչպես հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, իրանական միջուկային դոսյեի շուրջ նոյեմբերի սկզբին Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը եռակողմ խորհրդակցություններ են անցկացրել: Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին և 17-ին, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցությունը, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:
ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության մասին Իրանի համաձայնագիրը, որը ներկայում չի գործում, մշակվել է գործակալության հետ փոխգործակցությունը սահմանափակող և ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին Իրանից վտարող օրենքի՝ հուլիս ամսին ընդունումից հետո: Միջուկային օբյեկտներում Իրանի միջուկային ակտիվությանը հետևող տեսուչներն այդ ընթացքում լքել են երկիրը:
Չնայած դրան, աշնանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները մի քանի անգամ (վերջինը՝ նոյեմբերի սկզբին) այցելել են Թեհրանի հետազոտական ռեակտոր, որն օգտագործվում է իրանական իշխանությունների կողմից միջուկային բժշկության զարգացման նպատակով, ինչպես նաև ռուսական մասնակցությամբ կառուցվող «Բուշեր» ԱԷԿ: Այս երկու օբյեկտներն առայժմ միակ վայրերն են, որոնց ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներին հասանելիություն է տրամադրվել։