Վաղարշապատում 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի ընտրակաշառքի գործով․ Հակակոռուպցիոն կոմիտե

Մեր տեղեկություններով՝ բաժանմունքներ տեղափոխված բոլոր անձինք գիշերը բաց են թողնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Վաղարշապատում 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի ընտրակաշառքի գործով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նոյեմբերի 17–ի ուշ երեկոյան հայտնել էինք, որ «Հաղթանակ» դաշինքից 10 հոգու հետ քննչական գործողություններ են իրականացվել, դաշինքի՝ համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանի հետ որևէ գործություն չի արվել։
«Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ»,- հայտնում են կոմիտեից։
Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված, այլընտրանքային խափանման միջոցներ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում դաշինքի մամուլի քարտուղար Հրանտ Ավետիսյանը հայտնեց, որ գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, բաժանմունքներ տեղափոխված բոլոր անձինք բաց են թողնվել։
Հիշեցնենք` Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ էին։
Հոկտեմբերի 17-ին «Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում խուզարկություններ են անցկացվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային գործողություններ։