ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Այսօր վաղ առավոտյան Վաղարշապատում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ժամը 07։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մռավյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլուզվել, փլատակներում կա արգելափակված քաղաքացի։
«Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում (մոտ 60 քմ), գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ տունը փլուզվել է»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրությանն մեջ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները սահմանազատել են տարածքը, մեկ քաղաքացու դուրս բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փլատակներից դուրս է բերվել 76-ամյա Թամարա Ա․-ն։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։