ՖԻԴԵ-ն կարող է վերացնել Ռուսաստանի և Բելառուսի շախմատիստների սահմանափակումները

Նամակում Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան կոչ է արել 2026 թվականից վերացնել ռուսաստանցիների նկատմամբ ավելի քան երեք տարի գործող սահմանափակումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 14-ին կքննարկի ռուսաստանցի և բելառուս շախմատիստների ազգային հավաքականներով հանդես գալու սահմանափակումները վերացնելու հնարավորությունը: Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի կայքից:
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ին ուղղված նամակում ներկայացված առաջարկը, որը վերաբերում է Ռուսաստանի և Բելառուսի շախմատի ֆեդերացիաների սահմանափակումների վերացմանը:
ՖԻԴԵ–ի տղամարդկանց «Թոփ 100»-յակում մնացել է մեկ հայ շախմատիստ
Նամակում Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան կոչ է արել 2026 թվականից վերացնել ռուսաստանցի և բելառուսցի շախմատիստների նկատմամբ ավելի քան 3 տարի գործող սահմանափակումները և ապահովել այդ երկրների հավաքականների լիարժեք մասնակցությունը ՖԻԴԵ-ի բոլոր մրցումներին:
2022 թվականին սկսված ռազմական հատուկ գործողությունից հետո ՖԻԴԵ-ն ռուսաստանցիներին արգելել է մասնակցել մրցումներին։ Նույն թվականի մարտին ՖԻԴԵ-ն թույլատրել է Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին անհատական մրցաշարերում հանդես գալ չեզոք կարգավիճակով։ Արգելվում է նաև մրցումներ անցկացնել Ռուսաստանի և Բելառուսի տարածքում: