ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել համապետական ընտրություններում։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Ես ևս մեկ անգամ ընդգծեմ, որ արտասահմանում գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքների հարցում ոչինչ չի փոխվում։ Ինչպես նախկինում, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա ընտրություններին քվեարկելու լիարժեք իրավունք և հնարավորություն։ Միակ պայմանը չորս տարին մեկ Վրաստան գալն ու Վրաստանում քվեարկելն է», – ասել է Պապուաշվիլին ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ իշխանությունները կարծում են, որ առանձնակի ռիսկեր կան ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար, որոնք գտնվում են արտասահմանյան իրավասությունների և քաղաքական միջավայրի ազդեցության ներքո, որտեղ պետությունը չի կարողանում կանխել միջամտությունը։
«Մարդիկ երկրի քաղաքական կամ տնտեսական իրավիճակի և հանրային կարիքների մասին տեղեկատվություն են ստանում երկու աղբյուրից՝ դրանցից մեկը ԶԼՄ–ներն են, որոնցից նրանք ստանում են ֆիլտրված տեղեկատվություն՝ խմբագրական քաղաքականության համապատասխան մեկնաբանությամբ և այլն, և չֆիլտրված տեղեկատվություն, որը նրանք ստանում են անձամբ՝ փոխգործակցելով հասարակության կամ պետության հետ։ Ապատեղեկատվության դարաշրջանում այս երկու աղբյուրներից ստացված տեղեկատվությունը կարող է արմատապես տարբեր լինել: Այս հանգամանքը մեծացնում է այն ռիսկը, որ ֆիզիկապես հեռու գտնվող քաղաքացին անտեղյակ ընտրություն կկատարի», – հայտարարել է Պապուաշվիլին։
Նա հավելել է, որ Վրաստանի տարածքում քվեարկության կանոնների սահմանումն ապահովում է ավելի ադեկվատ, գիտակցված ընտրություն: Նրա խոսքով` այս մոդելը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և գործում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան, Մալթան, Իսրայելը և Հայաստանը: