Վաղարշապատի ընտրություններից հետո 3 քրեական վարույթ է նախաձեռնվել

ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 10 ահազանգ էր ստացել, որից 3–ի վերաբերյալ հաղորդում է ուղարկվել ՔԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին ստացված երեք հաղորդման վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 10 ահազանգ է ստացել։
Ըստ ՆԳՆ–ի` այլ անձի փոխարեն քվեարկելու 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքերով կազմվել և ՀՀ քննչական կոմիտե է ուղարկվել 3 հաղորդում։
Հիշեցնենք` Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ էին։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը։
Ընտրությունների ընթացքին հետևել է 6 դիտորդական կազմակերպություն։