ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակն ընկալել է որպես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու «մանդատ»: Այս մասին նա գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։
Փաշինյանը շնորհավորել է վաղարշապատցիներին ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու առիթով։ Նրա կարծիքով՝ համայնքի բնակիչները, ղեկավար ընտրելով «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանին, հաստատեցին, որ երկրի համար զոհվածների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցը խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան ստեղծելն է:
«Դուք աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմավարությանը։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»,- գրել է նա:
Նրա խոսքով՝ Վաղարշապատում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը 2026 թվականի հանրապետական խորհրդարանական ընտրությունների նախերգանքն է:
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ էին։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը։
Ընտրությունների ընթացքին հետևել է 6 դիտորդական կազմակերպություն։