ՀԾԿՀ 3 անդամներ այցելել են Թուրքիա․ Մեսրոպյանը հաստատեց և բացատրեց՝ ինչու

ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ Թուրքիա այցը զուտ աշխատանքային է եղել, խարդավանքներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 3 անդամներ այս տարվա հոկտեմբերին այցելել են Թուրքիա։ ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Նշենք, որ նոյեմբերի 13-ին ՀԾԿՀ նիստում ՀԷՑ–ի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ «ՀԾԿՀ-ն շատ ներկայացուցչական կազմով վերջերս գնացել է Թուրքիա: Հիմա թող բացատրեն` ինչո՞ւ էին գնացել, ո՞րն էր նպատակը: Իմ անձնական կարծիքով, ամենայն հավանականությամբ, այցելության իրական նպատակն այլ է եղել»։
Մեսրոպյանը նշեց՝ այս տարվա հոկտեմբերին Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանը և Ելենա Բաբոյանը Թուրքիա են մեկնել։
«ՀՀ-ն 1999թ․-ից «Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի» ոչ միայն անդամ, այլև հիմնադիր անդամ է։ Ասոցիացիայում ընդգրկված են աշխարհի 47 երկրներ։ Ի ուրախություն մեզ՝ այս տարի մայիսին Օմանում պատվիրակությունն իմ գլխավորությամբ մասնակցել է ասոցիացիայի աշխատաժողովներին, և հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանն ընտրվել է ասոցիացիայի նախագահության անդամ 3 տարով»,- ասաց Մեսրոպյանը։
Նրա խոսքով՝ տարեկան 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրվում։ Այդ օրերի ընթացքում 47 երկրների պատվիրակները քննարկում են էներգետիկային վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք արդիական են տվյալ ժամանակահատվածում։ Ներկայում օրակարգային են վերականգնվող, արևային էներգետիկայի, շուկայի ազատականացման խնդիրները։ Թուրքիան ևս ասոցիացիայի անդամ է, և վերջերս կատարած այցի ժամանակ հենց այդ թեմաներն են քննարկվել։
Պաշտոնապես հերքեց սոցցանցերում շրջանառվող ասեկոսեները, թե այցի նպատակն է եղել բանակցել թուրքական կողմի հետ ՀԷՑ-ի գնման համար։
«Նման բան պարզապես չկա»,- ասաց նա։
Հավելենք, որ 3 օր տևած քննարկումից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր զրկեց «Տաշիր Կապիտալ» ընկերությանը ՀԷՑ–ի լիցենզիայից։