«Հյուսիս-Հարավը» կարևոր դեր է խաղում Եվրասիայի փոխկապակցվածության գործում. Միշուստին

Ռուսաստանն ու Իրանը 2023 թվականի մայիսին փաստաթղթեր են ստորագրել միջանցքի Արևմտյան երթուղու՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու՝ Իրանի տարածքով անցնող վերջին հատվածի ավարտի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կարևոր դեր է խաղում Եվրասիական տարածաշրջանի փոխկապակցվածության ամրապնդման գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայում Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ հանդիպման ժամանակ։
Արեֆը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
«Տրանսպորտային ոլորտում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի զարգացմանը։ Այս ռազմավարական երթուղին կարևոր դեր է խաղում եվրասիական տարածաշրջանի փոխկապակցվածության ամրապնդման գործում», - ասել է Միշուստինը։
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ: Գոյություն ունեն միջանցքի 3 երթուղիներ՝ Տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), Արևմտյան և Արևելյան (ցամաքային):
Ռուսաստանն ու Իրանը 2023 թվականի մայիսին փաստաթղթեր են ստորագրել միջանցքի Արևմտյան երթուղու՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու Իրանի տարածքով անցնող վերջին հատվածի ավարտի մասին։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,6 մլրդ եվրո, որից 1,3 մլրդ-ը, որպես վարկ, տրամադրում է ՌԴ-ն, մնացածը իրանական կողմի միջոցներն են: