«Հայաստան» խմբակցությունը թատրոնին չի մասնակցի․ ԱԺ-ում «Մարտի 1-ի» գործով քննարկում կլինի

«Հայաստան» խմբակցությունը . Արխիվային լուսանկար
Խմբակցությունն աբսուրդ է համարում այն, որ 2018-ից հետո վերաբացված «Մարտի 1»-ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց Ազգային ժողովում այս թեմայով քննարկում է ծավալվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ՀՀ իշխանությունն Ազգային ժողովում «Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում հանրային քննարկում է նախաձեռնել, որին «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել։ Այս մասին խմբակցությունը հաղորդագրություն է տարածել։
Ավելի վաղ ԱԺ-ն հայտարարություն էր տարածել, որ նոյեմբերի 18-ին խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի է ունենալու հանրային քննարկում՝ «Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով լույսի ներքո, իրավաքաղաքական գնահատական» վերնագրով։
«Նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է բեմադրելու իշխանությունը Ազգային ժողովում։ «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու։ Հավաքվեք, քննարկեք, փառավորեք մարտի 1-ի ողբերգության ընթացքում հոգով փառավորվածին, իսկ ողբերգությունից հետո դեպքի վայրից փախուստ տվածին։ Բավական է նայել քննարկման նախաձեռնողների և զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբը կա, բայց չկա «Մարտի 1-ի» գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, և այս ձեռնածության քաղաքական նպատակը պարզ կլինի»,- ասված է խմբակցության հաղորդագրությունում։
Խմբակցությունն աբսուրդ է համարում այն, որ 2018-ից հետո վերաբացված «Մարտի 1»-ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց Ազգային ժողովում այս թեմայով քննարկում է ծավալվում։
Քաղաքական ուժը նաև նշում է, որ ՄԻԵԴ այս բողոքը ներկայացվել է 2011 թվականին, իսկ բուն քննությունը սկսվել է ՀՀ ներկայիս իշխանության օրոք՝ 2018 թվականից։ Հաղորդագրությունում նաև ընդգծվում է, որ ՄԻԵԴ-ը մի քանի անգամ հաստատել է՝ դատարանին որևէ ապացույց չի ներկայացվել, կառավարությունը չի տրամադրել որևէ տեղեկատվություն կամ ապացույց։
«Մարտի 1-ի գլխավոր մեղավոր-պատասխանատուներից մեկն ինքն էր (նկատի ունեն Նիկոլ Փաշինյանին – խմբ․), ակնհայտ է։ Դատարանը նաև արձանագրել էր, որ ցույցերը խաղաղ չեն եղել, տեղի են ունեցել բռնություններ՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ, այլ առարկաներ նետելով և լուրջ վնաս հասցեներով պետական և մասնավոր սեփականությանը։ Եվրոպական դատարանը խնդիրը դիտում է մահվան դեպքերի, այլ ոչ սպանությունների տրամաբանությամբ»,- նշում են խմբակցությունից։
Հիշեցնում են՝ Եվրոպական դատարանը որպես խախտում դիտարկում է մահվան դեպքերով ոչ արդյունավետ քննությունը, ինչը ևս մեծամասամբ այս իշխանության վրա է։
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։