Գազայի բնակչությանը ցրտերի սկսվելուն պես խիստ անհրաժեշտ է շուրջ 300 հազար վրան

Անհրաժեշտ են նաև ջեռուցման սարքեր, ջերմամեկուսիչ նյութեր, շարժական սանիտարական խցիկներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Գազայի հատվածին անհրաժեշտ է շուրջ 300 հազար վրան և շարժական տուն` սկսվող ցրտերի պայմաններում հումանիտար կացարաններում մարդկանց նվազագույն պահանջմունքներն ապահովելու համար: Խիստ անհրաժեշտ է նաև ջեռուցման սարքերի, ջերմամեկուսիչ նյութերի, շարժական սանիտարական խցիկների և այլ սարքավորումների ներմուծումը։ Այս մասին հայտարարել է Գազայի հատվածի իշխանությունների մամուլի ծառայությունը:
Գազայի վարչակազմի տվյալներով` Իսրայելն ամբողջությամբ արգելափակում է անվտանգ օգտագործվող ջեռուցման սարքերի, ջերմամեկուսիչ նյութերի, շարժական սանիտարական խցիկների, վրանների հիմքերի, ինչպես նաև ներքնակների և վերմակների մատակարարումները: Ցրտերի և հաճախակի անձրևների սկսվելը խորացնում է աղետալի իրավիճակը այն հատվածում, որտեղ շուրջ 288 հազար ընտանիք գոյություն է պահպանում կյանքի համար փաստացի ոչ պիտանի պայմաններում:
Նոյեմբերի սկզբին Գազայի իշխանությունները հայտնել էին, որ Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի մասին համաձայնագրի գործողության մեկնարկից ի վեր Գազայի հատված ներս է թողել պարենով, վառելիքով և այլ ապրանքներով բեռնված 4,4 հազար բեռնատար, ինչը կազմում է համաձայնագրում ամրագրված մատակարարումների ծավալի ընդամենը 28 տոկոսը:
Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ այս համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից։ Այսպիսով, ողջ մնացած բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Իսրայելն ի պատասխան բանտերից ազատ է արձակել մոտ 2 հազար պաղեստինցիների։