Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդում առևտրի կենտրոն է բռնկվել ԱԹՍ-ի հարձակումից հետո. մարզպետ

Մեկ այլ հարվածի հետևանքով կոտրվել են բազմաբնակարան շենքի 4 բնակարանների պատուհանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Բելգորոդի Կորոչա քաղաքում առևտրային օբյեկտ է այրվում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Կորոչա քաղաքը թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել։ Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան: Հարվածի հետևանքով այրվել է առևտրային օբյեկտի տանիքը»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում` հրապարակելով այրվող «Վոկզալնի» առևտրի կենտրոնի լուսանկարը։
Նրա խոսքով` հրշեջ հաշվարկները վերացնում են հրդեհի օջախը։
«Եվս մեկ հարվածից կոտրվել են բազմաբնակարան շենքի 4 բնակարանների պատուհանները։ Բացի այդ, ժամանակավորապես առանց լույսի են մնում Կորոչա քաղաքը և Պոգորելովկա և Պոդկոպաևկա գյուղերը», -հավելել է Գլադկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։