ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը պնդում է, թե թույլ չեն տալու, որ Վաղարշապատը «Գյումրի 2» դարձնեն։ Էջմիածնի 4-րդ դպրոցում քվեարկելուց առաջ ասաց նա։
Պնդեց, թե գնում է 50+1 քվե ստանալու և բացարձակ մեծամասնությամբ քաղաք կառավարելու։ Իսկ պատրա՞ստ է արդյոք ՔՊ-ին միանալու, Մկրտչյանը նշեց՝ վաղ է այս փուլում այդ մասին խոսելը։
Ինչ վերաբերում է ընտրախախտումներին՝ Մկրտչյանի խոսքով՝ որպես այդպիսին խախտումներ չեն արձանագրվել։
Հավելենք, որ 12։00-ի դրությամբ մի շարք դիտորդական կազմակերպություններ ահազանգել են 2 տասնյակից ավելի ընտրախախտումների մասին, այդ թվում՝ բաց քվեարկություն, ընտրացուցակներում անճշտություն, ուղղորդումների, քարոզչանյութեր՝ ընտրատեղամասերից 50 մետրից պակաս հեռավորության վրա և այլն։
Հիշեցնենք, որ 2023թ․ Երևանի ավագանու ընտրություններից հետո «Հանրապետությունը» կոալիցիա կազմեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։