Թեհրանի դեմ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստանի և Իրանի միջուկային նախագծերի վրա․ Արաղչի

Սեպտեմբերի վերջին Իրանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Հորմոզգան նահանգում 25 միլիարդ դոլարի արժողությամբ չորս էներգաբլոկներ կառուցելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վերականգնումը բացասաբար չի ազդի Մոսկվայի և Թեհրանի համատեղ միջուկային նախագծերի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ոչ», - պատասխանել է նախարարը ՌԻԱ Նովոստիի հարցին այն մասին, թե արդյոք հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը բացասաբար կազդի ռուս-իրանական միջուկային նախագծերի վրա։
Սեպտեմբերի վերջին վերականգնվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015-ի միջուկային գործարքով չեղարկված բանաձևերը, որոնք ենթադրում են Իրանի դեմ պատժամիջոցներ: Միջազգային սահմանափակող միջոցների վերականգնման նախաձեռնողներն են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան:
Ռուսաստանը, ինչպես և Իրանը, չի ճանաչել այդ գործողությունների օրինականությունը՝ վկայակոչելով եվրոպական երկրների կողմից 2015-ի միջուկային գործարքի բազմակի խախտումները, որը հանում էր պատժամիջոցները, ինչպես նաև դրանից ԱՄՆ-ի դուրս գալը: Իրանը պետություններին կոչ է արել չհետևել բանաձևերի կատարմանը:
Սահմանափակումներն ինքնին ենթադրում են Իրանին միջուկային գործունեության հետ կապված տեխնոլոգիաների և նյութերի մատակարարման արգելք, երկրին սովորական ծանր սպառազինությունների և բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաների փոխանցման արգելք, Իրանի արտասահմանյան ակտիվների սառեցում:
Սեպտեմբերի վերջին Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Իրանի Հարավային Հորմոզգան նահանգում իրանական նոր «Հորմոզ» ատոմակայանի համար 25 միլիարդ դոլար արժողությամբ չորս էներգաբլոկ կառուցելու մասին: