Պատրաստ ենք ընդդիմադիր դաշտի հետ բանակցությունների․ Գրիշա Հարությունյան

«Մայր Հայաստան»-ից համայնքապետի թեկնածուն բացառում է համագործակցությունը ՔՊ-ի և նրան սատարող ուժերի հետ։
Sputnik
«Մայր Հայաստան» կուսակցությունը Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով պատրաստ է ընդդիմադիր մյուս ուժերի հետ բանակցություններ անցկացնել՝ համագործակցության համար։ Դողս գյուղի 14/34 ընտրատեղամասում քվեարկելուց առաջ ասաց կուսակցության համայնքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանը։
«Մենք հայտարարել ենք, որ ընդդիմադիր դաշտի հետ պատրաստ ենք բանակցությունների, իսկ մեր առաջնային խնդիրն այս պահին մեր ուժերով իշխանությունը վերցնելն է»,- ասաց նա։
Հավելեց՝ մինչ այս պահը, սակայն, որևէ ընդդիմադիր ուժի հետ սեղանի շուրջ չեն նստել, չեն քննարկել։ Հարությունյանն իրենց ուժի հնարավորությունները բարձր է գնահատում։
Շեշտեց՝ ՔՊ-ի ու նրանց սատարող ուժերի հետ ձեռք սեղմելը, նրանց աջակցելը բացառում է։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։
Վաղարշապատի ընտրությունները կարևոր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող թիմի համար մի շարք պատճառներով, այդ թվում՝ իշխանության և եկեղեցու միջև սրված հակասությունների համատեքստում։ Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հայտարարում է «վեհարանն ազատագրելու» մասին, բարձրաստիճան 3 հոգևորականներ անազատության մեջ են, տասնյակ հոգևորականներ քրեական վարույթներում ներգրավված են տարբեր կարգավիճակներով։