Կհամագործակցենք ընդդիմադիր ուժերի հետ՝ ՔՊ-ի վերարտադրումը կասեցնելու համար․ Արկադի Փայտյան

«Ժառանգությունը» կարծում է, որ իրենց ուժը Վաղարշապատում հաղթելու մեծ հնարավորություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ՝ Վաղարշապատում ՔՊ-ի իշխանության գալը թույլ չտալու համար։ Այս մասին 14/20 ընտրատեղամասի մոտ քվեարկությունից հետո ասաց կուսակցության համայնքապետի թեկնածու Արկադի Փայտյանը։
«Համագործակցելու ենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ գործող իշխանության վերարտադրումը կասեցնելու համար»,- նշեց նա։
Շեշտեց՝ բացառում են համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ։
Միաժամանակ հավելեց, որ իրենց ուժը, այնուամենայնիվ, այս ընտրություններից մասնակցում է՝ բացարձակ հաղթանակի ակնկալիքով։
Նրա խոսքով՝ նախընտրական պայքարի ընթացքում իրենց ուժի հանդեպ ճնշումներ չեն եղել, միայն՝ զազրախոսություններ, այն էլ «Հանրապետություն» կուսակցության կողմից։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։