ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը վստահ է իր հաղթանակում և որևէ ուժի հետ կոալիցիա մտադիր չէ կազմել։ Այսօր Վաղարշապատի 14/12 ընտրատեղամասի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համայնքապետի թեկնածու Վահրամ Ավագյանը։
«Ցանկացած ուժ կարող է ինձ հետ կոալիցիա կազմել, մենք ոչ մեկի հետ չենք կազմելու։ Մեր ծրագրերը միայն մեր համայնքի ու մեր ժողովրդի մասին են»,– ասաց նա։
Վահրամ Ավագյանը հավելեց, որ իրենց ուժի նպատակը մեկն է` Վաղարշապատը դարձնել իր կարգավիճակին հարիր քաղաք։
«Դարձնենք համայնք, որը վայել է սրբավայրին, մեր բոլորի սրտի քաղաքը լինի»,– շարունակեց նա։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։