ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում. խմբ.) այսօր հաստատել է, որ Հորմուզի նեղուցում կալանել է Սինգապուր ուղևորվող նավթային լցանավը: Այս մասին ասվում է ԻՀՊԿ մամուլի հայտարարության մեջ։
Նշվում է, որ լցանավը Սինգապուր էր տեղափոխում 30 հազար տոննա նավթաքիմիական արտադրանք: ԻՀՊԿ- ն զննել է բեռը, ստուգել փաստաթղթերը և պարզել, որ լցանավը խախտել է բեռների օրինական փոխադրման մասին դրույթները:
Կիպրոսյան «Columbia Shipmanagement» ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կորցրել է կապը լցանավի հետ:
Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրումից հետո Թեհրանը բազմիցս սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը` նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման կարևոր ուղին: Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականներով` 2023 թվականին Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները միջինում կազմել են օրական մոտ 20,9 միլիոն բարել, ընդ որում` նեղուցով անցնող հում նավթի և հեղուկացված գազի մատակարարումների 83%-ը նախատեսված է եղել ասիական պետությունների համար, հիմնական ուղղությունները եղել են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան։