ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Երևանում զբոսավարների դպրոց է բացվել, զբոսաշրջության ոլորտին վերաբերող կրթական ծրագիրը, որն իրականացնում է Ռոսսոտրուդնիչեստվոն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ, մեկնարկել է այսօր: Ծրագրին աջակցում է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն:
© Sputnik
Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Նրա խոսքով՝ սա զբոսաշրջության զարգացման գործում թեկուզ փոքր, բայց նշանակալի ներդրում է։
«Ամեն տարի Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, և նրանք միշտ ցանկանում են հետաքրքիր ու ամենակարևորը՝ ճշմարտացի պատմություններ իմանալ այստեղ ռուսական ժառանգության մասին», - ասաց Ֆեֆիլովը՝ հույս հայտնելով, որ նախագիծը հետագայում կզարգանա։
Հիշեցնենք՝ այս տարվա մարտին նման նախագիծ էր իրականացվել Գյումրիում։