ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Բրիտանական բասկետբոլի ֆեդերացիան (BBF) եկամուտների կրճատման պատճառով դադարեցնում է գործունեությունը: Լուրը հրապարակվել է ֆեդերացիայի կայքում։
«BBF-ը մասնագիտական խորհրդատուների աջակցությամբ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում ընկերությունը լուծարելու համար։ Բասկետբոլի ներքին բոլոր կառույցների համար առաջնային է սերտ համագործակցությունը Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) հետ՝ Մեծ Բրիտանիայի հավաքականների կայունությունն ապահովելու և առաջիկա մրցաշարերին մասնակցելու պարտավորությունների կատարման համար», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայի պրոֆեսիոնալ բասկետբոլի լիգայի կառավարման համակարգային խնդիրների պատճառով 9 ակումբների բողոքից հետո BBF–ը հոկտեմբերին հեռացվեց միջազգային ֆեդերացիայից։ Հեռացման պայմանների համաձայն՝ ֆեդերացիան զրկվեց ազգային մրցումները լիցենզավորելու և տղամարդկանց հավաքականին Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում ընդգրկելու իրավունքից։ Միևնույն ժամանակ կանանց թիմը պահպանում էր միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքը:
FIBA-ն նոյեմբերի 14-ին մեղմացրեց պատժամիջոցները և թույլ տվեց, որ Մեծ Բրիտանիայի հավաքականը մասնակցի 2027 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլին: