Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Կայքի տեղեկություններով` կասկածյալները հարազատ եղբայրներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 24-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են»,– նշեցին ՆԳՆ–ից:
Միաժամանակ shamshyan.com–ը հայտնում է, որ կասկածյալները ինքնակամ են ներկայացել ոստիկանություն։

«Ոստիկանության ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների և տարված բացատրական աշխատանքի շնորհիվ քիչ առաջ ոստիկանության Կոտայքի բաժին են ինքնակամ ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչներ 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենիամին Սոխրաբյանցը»,– գրում է կայքը։

Ըստ կայքի` Աշոտ Սոխրաբյանցը և Սոխրաբյանցը հարազատ եղբայրներ են։
Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի կենտրոնում սպանել էին 24-ամյա Սարգիս Զեյնալյանին, որը, ըստ լրատվամիջոցների, ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հարազատն է։
Ըստ տեղեկությունների` ամիսներ առաջ` Գինու փառատոնի օրը, միջադեպ է տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, վիճաբանությունն օրեր անց շարունակվել է Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել է 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ: