Վազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեց

Սաղաթելյանին կալանավորելու որոշում կայացրեց դատավոր Ռոման Սմբատյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը։
Հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին դատի է տվել և պահանջել նրանից բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել ընդհանուր 530 000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում։
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Ավելի ուշ նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։