ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Բելգորոդի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է Վոլոկոնովկայի շրջանի Վոլչյա Ալեքսանդրովկա գյուղի մի բնակիչ, ինչպես նաև նույն շրջանի Բոչանկա խուտորից ամուսնական զույգ: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել են 5 համայնք։ Տուժել է 3 խաղաղ բնակիչ։ Վոլոկոնովկայի շրջանի Բոչանկա խուտորում ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա դրոնի հարձակման հետևանքով վիրավորվել են ամուսիններ, նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Շտապօգնության բրիգադը տուժածներին տեղափոխել է Վալույկիի կենտրոնական հիվանդանոց։ Մեքենան ամբողջությամբ ոչնչացել է։ Վոլչյա Ալեքսանդրովկա գյուղում FPV-դրոնի պայթյունի հետևանքով տուժել է մի տղամարդ»,–տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը հավելել է, որ բազմաթիվ վնասվածքներ ստացած տղամարդն ինքնուրույն է դիմել բուժհաստատություն: Գլադկովի փոխանցմամբ՝ նա բուժումը կշարունակի հիվանդանոցում։ Պաշտոնյան նշել է, որ հարձակման վայրում վնասվել են առևտրի օբյեկտ և երկու ավտոմեքենա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։