ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. «Անտիֆեյքի» հիմնադիրներ, «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Ավելի ուշ նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։
Դատավոր Մասիս Մելքոնյանը հայտնի է մի շարք հնչեղ գործերով, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանին, ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին կալանավորելու իր որոշումներով, հունիսին նրա որոշմամբ 2 ամսով կալանավորվեցին նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։