ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Կիևը նոր սադրանքներ է նախապատրաստում եվրոպական երկրներից երիտասարդ ուկրաինացիներին վերադարձնելու և նրանց զորակոչելու համար: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չնայած Ուկրաինայում պաշտոնապես վերացվել է 18-22 տարեկան երիտասարդ տղամարդկանց` արտասահման մեկնելու արգելքը, տեղեկություններ կան, որ Կիևի ռեժիմը պատրաստ է գնալ ցանկացած քայլի, այդ թվում՝ տեղեկատվական սադրանքների, որպեսզի Ուկրաինա վերադարձնի պոտենցիալ զորակոչիկներին, որոնք այնտեղից փախել են», - նշել է դիվանագետը:
Ըստ Զախարովայի՝ այդ նպատակով Զելենսկու գրասենյակը որոշել է խաղալ եվրոպացիների մոտ վերջին շրջանում ուժեղացող տրամադրությունների վրա, որպեսզի Եվրոպան ողողած ուկրաինացիների նպաստներն ու արտոնությունները եթե չչեղարկվեն, ապա գոնե զգալի կրճատվեն։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ Ուկրաինայի իշխանություններն այժմ սեփական քաղաքացիներին ոչնչացնելու խնդիր են դնում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։