«Կա'մ մեզ հետ, կա'մ մեր դեմ». Կոզյուլինը՝ Հայաստանի նկատմամբ Արևմուտքի դիրքորոշման մասին

Ռուսաստանցի փորձագետը նշում է, որ Արևմուտքը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Եվրամիությունը ձգտում է Հայաստանին պարտադրել կոշտ ընտրություն՝ լինել Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ։ Եվրոպական քաղաքական մշակույթի համար այս ավանդական վարքագիծը հակասում է համաշխարհային միտումներին։ Այս մասին «Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» միջազգային կլոր սեղանի շրջանակներում Sputnik Արմենիային ասաց Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի արդիական միջազգային խնդիրների ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատող Վադիմ Կոզյուլինը։
Նրա խոսքով՝ ԵՄ և ԵԱՏՄ հարթակներում Հայաստանի համագործակցության զուգահեռ զարգացման տեսական հնարավորությունը հնարավոր է, սակայն Բրյուսելը Երևանին չափազանց խիստ, ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պահանջներ է ներկայացնում։
«Այնինչ աշխարհում կոշտ ընտրության պարադիգմը փոխվում է։ Փոքր պետությունները, ինչպիսին Հայաստանն է, պետք է ձգտեն գործընկեր լինել բոլորի հետ՝ ելնելով բացառապես սեփական ժողովրդի շահերից», - նշեց Կոզյուլինը։
Նա պարզաբանեց, որ փոխզիջումը, կոնսենսուսը, բարի հարաբերությունները Արևելքին բնորոշ սկզբունքներ են։ Իսկ Արևմուտքը կրկին գործում է «կա'մ մեզ հետ, կա'մ մեր դեմ» բանաձևով։ Այս մոտեցումն արդեն Եվրոպային հասցրել է հակամարտությունների, այդ թվում՝ երկու համաշխարհային պատերազմների։
Կոզյուլինը համոզված է, որ Հայաստանի համար ընտրությունը, ըստ էության, պարզ է՝ ելնելով ազգային շահերից, պետք է գործընկեր լինել բոլորի հետ:
Այս առնչությամբ նա անդրադարձ կատարեց Մոսկվայի և Երևանի հարաբերություններին՝ նշելով, որ դրանցում տարիներով որոշակի նեգատիվ է կուտակվել։ Սակայն կապերն ամուր հիմք ունեն՝ պատմական շփումները, մշակութային ընդհանրությունները և աշխարհաքաղաքական օբյեկտիվ շահերը շարունակում են թելադրել բարիդրացիական հարաբերությունների պահպանման և զարգացման անհրաժեշտությունը:
Կոզյուլինը կարևորեց Ռուսաստանի հայ համայնքի դերը, այն նկատելի է գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած գիտությունից, կրթությունից և մշակույթից մինչև արդյունաբերություն, բիզնես և ֆինանսներ: Ռուսաստանի հայերը կարևոր դեր են խաղում ՌԴ հասարակական և տնտեսական կյանքում՝ ամրապնդելով կապերը երկու երկրների միջև։
Փորձագետը ոչ պակաս նշանակալի համարեց Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում. աճում է համատեղ ձեռնարկությունների թիվը, ավելանում են ներդրումները:
«Ինտեգրացիոն գործընթացները, որոնց մասին խոսվում է վերջին տարիներին, իրական օգուտ են բերում Հայաստանի տնտեսությանը և քաղաքացիներին», - նշեց նա:
Նա համոզված է, որ երկու երկրների հարաբերությունների հեռանկարները մնում են դրական։ Սակայն կան ուժեր, որոնք շահագրգռված են Հայաստանի և Ռուսաստանի հեռացմամբ։ Նրանք խեղաթյուրում են ընդհանուր պատմական անցյալը, մանիպուլացնում են ներկա իրավիճակի գնահատականները, և նման արշավների համար, ըստ փորձագետի, զգալի ռեսուրսներ են հատկացվում: Հատկապես մտահոգիչ է արտերկրից ֆինանսավորվող որոշ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը։
Այնուամենայնիվ, ըստ Կոզյուլինի, այդ փորձերը ձախողման կդատապարտվեն։ Պատմական տրամաբանությունը, մշակութային մերձավորությունն ու փոխադարձ շահը այն հիմքերն են, որոնց վրա կառուցվում և կառուցվելու են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում առկա իրավիճակին, ապա Կոզյուլինը այն բնութագրեց որպես փխրուն խաղաղություն, որը բարենպաստ պայմաններում կարող է դառնալ ավելի կայուն: Սակայն հենց այդ անկայունությունն է լուրջ մտահոգություններ առաջացնում: Վերջին տասնամյակների իրադարձությունները ցույց են տալիս, որ հարաբերական անդորրի ժամանակահատվածներին բազմիցս հաջորդել են հակամարտությունների բռնկումներ, իսկ ներկա գլոբալ իրավիճակի դինամիկան կրկին տագնապալի է: Միջազգային տարբեր գնահատականներով՝ մոլորակի վրա հակամարտությունների թիվը գտնվում է պատմականորեն բարձր մակարդակի վրա։
Վերլուծական ինտերնետային ռեսուրսներից մեկի տվյալներով՝ միայն այս տարի գրանցվել է 61 ակտիվ հակամարտություն, ինչը դիտարկումների ողջ ընթացքի համար ռեկորդային է։ Կարմիր Խաչի հաշվարկներով՝ նման հակամարտությունների թիվն արդեն մոտ 120-ն է։
Չնայած առանձին դրական միտումների առկայությանը, առաջին պլան է մղվում միջազգային հարաբերությունների բացասական ֆոնը։ Տարածաշրջանում գործում են բազմաթիվ արտաքին խաղացողներ՝ յուրաքանչյուրն իր ռազմավարական շահերով, որոնք միշտ չեն համընկնում, ինչը խոշոր տերությունների միջև անխուսափելիորեն առաջացնում է մրցակցություն և լրացուցիչ լարվածություն: Արդյունքում, նման անկայունությունն ուղղակիորեն ազդում է Հայաստանի վիճակի և հարևան երկրների հետ նրա հարաբերությունների վրա։