ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Գերիների փոխանակման գործարքի շրջանակում Իսրայելն այսօր Գազայի հատվածին է փոխանցել 15 պաղեստինցի բանտարկյալների մարմին։ Տեղեկությունը հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելը Գազայի հատվածում զոհված պատանդի աճյունով ևս մեկ դագաղ է ստացել: Այսպիսով` պաղեստինցիներն արդեն վերադարձրել են պահվող 28 մարմիններից 25-ը։
Պաղեստինյան կիսաէքսկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելն ավելի վաղ պաղեստինյան կողմին էր փոխանցել 315 մարմին, որոնցից նույնականացվել են 91-ը:
Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Իսրայելն ի պատասխան բանտերից ազատ արձակեց մոտ 2 հազար պաղեստինցի բանտարկյալների։