Հայ փրկարարները նախապատրաստվել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում

Մասնագետները ծանոթացել են հրդեհների ժամանակ որոնողափրկարարական ոլորտի ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայ փրկարարները նախապատրաստություն են անցել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում, հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
2025 թվականի նոյեմբերի 10-14-ը ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության 10 մասնագետներ ուսուցում են անցել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում՝ «Հրդեհների ժամանակ գազածխապաշտպանի աշխատանքի հիմունքներ» թեմայով։
Ուսուցման ընթացքում նրանք ծանոթացել են հրդեհների ժամանակ որոնողափրկարարական ոլորտի ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին։
Դասընթացը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական մաս, որոնց ընթացքում մասնակիցներն ուսումնասիրում էին հրդեհի զարգացման և գազափոխանակման գործընթացները, հրշեջների պարտականությունները հրդեհաշիջման, ծխի մեջ կողմնորոշվելու խնդիրների կատարման ժամանակ, տարածքների հետախուզման ալգորիթմները, ինչպես նաև տուժածների տարհանման կանոններն ու մեթոդները։
Ստացած գիտելիքներն ու գործնական փորձը հայ փրկարարներին թույլ կտա ավելի արդյունավետ մարել տարբեր բարդության հրդեհները։