ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում։
«Պարզվել է, որ ընկերության կողմից ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված մեծ թվով ապրանքները, ինչպես նաև ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման։ Շահագործվող որոշ էլեկտրոնային կշեռքներ օգտագործվել են առանց ստուգաչափման։ Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արտադրանքի իրացման կասեցման, վաճառքից հետկանչման և ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, որոնք ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, վերադարձնել դրանք, քանի որ վերջինները վտանգավոր են երեխաների առողջության համար։