Բոլոր խմբաքանակները ստուգվում են․ ՍԱՏՄ ղեկավարը՝ «անհայտ ծագման» սերուցքի մասին

ՍԱՏՄ ղեկավարը վստահեցնում է, որ որևէ ապրանք չի կարող ապօրինի ներմուծվել Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իրանից Հայաստան ներմուծվող սերուցքի յուրաքանչյուր խմբաքանակ լաբորատոր փորձաքննություն է անցնում։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը` անդրադառնալով լուրերին, թե Իրանից Հայաստան է ներկրվում անհայտ ծագման սերուցք, որը վտանգավոր է։
«Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, որ իրենց հասած ահազանգերի համաձայն` տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։
«Սահմանային վերահսկողության ժամանակ տեսուչների կողմից թղթային և ֆիզիկական զննում է իրականացվում։ Եթե Հայաստան ներմուծվող ապրանքները չունենան ԵԱՏՄ հավաստագիր, մենք այդ ապրանքն ուղղակիորեն թույլ չենք տա, որ մտնի մեր երկիր»,- նշեց Պետրոսյանը։
Նա բացառեց, որ այսօր ապօրինի ճանապարհով Հայաստան կարող է ներմուծվել որևէ ապրանք։ Միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե կա մեկը, ով տեղյակ է նման խնդրից, թող իրենց հայտնի այդ մասին, իրենք անպայման նմուշառում կվերցնեն, կստուգեն դրանց որակը։
Պետրոսյանը հայտնեց, որ 2023 թվականին Իրանից Հայաստան է ներմուծվել 3100 տ սերուցք, 2024 թվականին՝ 376 տ, իսկ 2025 թվականին՝ 925 տ։