ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան դադարեցրել է C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները (Թուրքիան այդպիսի 18 ինքնաթիռ ունի) մինչև Վրաստանում ավիավթարի պատճառների հետաքննության ավարտը։
«Բոլոր տեխզննումներից և ստուգումներից հետո ինքնաթիռների թռիչքները կվերսկսվեն»,– հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Միևնույն ժամանակ գերատեսչությունը նշել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը վերջերս էր տեխսպասարկում անցել։
«Վթարված ինքնաթիռի տեխնիկական սպասարկման պատմությունը ստուգելիս պարզվել է, որ այն արդիականացվել է «Erciyes Aviyonik» ընկերության կողմից։ Ֆյուզելաժի, շարժիչի և պտուտակների պլանային սպասարկումը կատարվել է ժամանակին, վերջինը`2025 թվականի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում», – նշել է պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք` նոյեմբերի 11–ին Վրաստանի տարածքում` վրաց-ադրբեջանական սահմանից 5 կմ հեռավորության վրա, «C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ թուրք զինվորականները նոյեմբերի 9–ին մասնակցում էին Արցախի օկուպացմանը նվիրված շքերթին։
Ինքնաթիռում եղել է 20 մարդ` անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի ՌՕՈւ 16 սպաներ։ Բոլորը մահացել են։