ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին ուրբաթ՝ նոյեմբերի 14-ին, կանչել են քննչական կոմիտե։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քահանան։
«Ինձ կանչել են վաղը, առավոտյան ժամը 10։00-ին։ Փաստաբանին հարմար չէ ուրբաթ օրն այդ ժամին ներկայանալ, նա նիստի պետք է մասնակցի, ես էլ առանց փաստաբանի չեմ ուզում գնալ քննչական։ Նախորդ անգամ իմ իրավունքները լրջագույն կերպով ոտնահարվեցին ու հասկացա, որ առանց փաստաբանի չպետք է գնամ քննչական։ Երկուշաբթի ժամը 16։00-ին եմ գնալու, հավանաբար մեկ այլ դատի վերաբերող հարցումով, որովհետև կարծում եմ Մկրտիչ սրբազանի համար չեն կողմնորոշվել, թե ինչ հոդվածով կալանքը երկարացնեն։ Քննչականն այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է կատարում, որպեսզի գտնի այդ օրենքը»,- նշեց քահանան։
Նրա խոսքով՝ ինքը որպես վկա է հրավիրվել։ Վստահ է՝ իր հանդեպ խտրական վերաբերմունք կա, քանի որ Արագածոտնի թեմի քահանա է։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը շնորհակալություն հայտնեց քննիչներին, որոնք մեծ զբաղվածություն ունենալով հանդերձ, նաև իրենց համար են կարողանում ժամանակ գտնել։ Շեշտեց՝ քննիչներն այսօր զբաղվում են այն մարդկանցով, որոնցով զբաղվելու պարտականությունն իրենց տրված չէ։
«Հայ ազգի ոստիկաններն ու քննիչները մեր շահերով չեն զբաղվում, իրենք պաշտպանում են միայն Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ականների շահերը։ Մենք պետք է փորձառու լինենք, որ մեր շահերը պաշտպանենք։ Մեր շահերն Աստված է պաշտպանում, իրենց պաշտպանության կարիքը մենք չունենք»,- ասաց քահանա Բաղալյանը։
Միևնույն ժամանակ շեշտեց՝ ովքեր ուզում են աստվածապաշտությամբ ապրել, չեն կարող այս ժամանակներում հալածանքներից, նեղություններից, դժվարություններից ազատ լինել։ Ընդգծեց՝ միշտ էլ եղել են մարդիկ, որոնք հալածել են եկեղեցուն։
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նաև շուտափույթ ազատություն մաղթեց կալանավորված Արածագոտնի թեմի առաջնորդին, Գյումրու թեմի առաջնորդին, «Սրբազան պայքարի» առաջնորդին, բարերար Սամվել Կարապետյանին ու բոլոր մյուս քաղբանտարկյալներին, տնային կալանքի տակ գտնվող տեր Գարեգինին, տիկին Նաիրային, ինչպես նաև Բաքվում գտնվող հայ պատանդներին ։