ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ «Անտիֆեյքի» հիմնադիրներ, «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունն ավարտվել է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
«Նույն մեղադրանքն է՝ խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ, ինչով որ արդեն արդարացվել էին։ Դատախազն էլ էլի նույնն է՝ պարոն Ավետյանը, որը եկավ, դատարանում մեղադրանքը պաշտպանեց, պարտվեց, հիմա նորից մեղադրանք է հարուցել»,- ասաց Բաբայանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել էին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել էին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ողջ տեխնիկան։