Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գերիների փոխանակման գործարքի ավարտը վտանգված է

Զոհված պատանդների վերջին 4 մարմինների որոնումը՝ Իսրայելին հանձնելու նպատակով, բարդ պայմաններում է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև գերիների փոխանակման գործարքի ավարտը սպառնալիքի տակ է, քանի որ զոհված պատանդների վերջին չորս մարմինների որոնումը՝ Իսրայելին հանձնելու համար, բարդ պայմաններում է ընթանում և կարող է ձգձգվել: Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat միջարաբական պարբերականը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրներին։
«Մնացած մարմինների որոնման գործընթացը շատ դժվար է, դա կարող է շատ ժամանակ պահանջել»,-թերթին հայտնել են դիմադրության դաշտային աղբյուրները:
Պարբերականի տվյալներով՝ պատանդների չորս մարմիններից մեկը պահում է «Իսլամական ջիհադը», ևս մեկը, հնարավոր է, ՀԱՄԱՍ-ի մարտական թևը՝ «Իզ ադ-Դին ալ-Քասամի բրիգադները», սակայն այդ հարցում կասկածներ կան:
Աղբյուրների համաձայն՝ ևս երկու պատանդների աճյունները ենթադրաբար գտնվում են «դեղին գծից» (Գազայի հատվածում իսրայելական ուժերի հետքաշման գծերը-խմբ.) արևելք և կարող են հայտնաբերվել միայն այն դեպքում, եթե որոնումներն ավելի ինտենսիվ ընթանան՝ Իսրայելի թույլտվությամբ։
Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ այս համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից։ Այսպիսով, ողջ մնացած բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Իսրայելն ի պատասխան բանտերից ազատ է արձակել մոտ 2 հազար պաղեստինցի բանտարկյալների։
Ներկայումս ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է վերադարձնում գերության մեջ զոհված պատանդների աճյունները: Պաղեստինյան կողմը Իսրայելին է վերադարձրել 24 նույնականացված պատանդների մարմինները: Իսրայելական տվյալների համաձայն՝ Գազայում մնացել են ևս չորս զոհված պատանդների մարմինները։