Փայլուն հեռանկարներ կան. Պեսկովը՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների մասին

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ կողմերն առայժմ ժամանակ և գումար են կորցնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն անհրաժեշտ է բարելավել և նոր հնարավորություններ բացել երկրների տնտեսական համագործակցության համար:
«Մենք պետք է բարելավենք մեր երկկողմ հարաբերությունները․․․ Պետք է նոր հնարավորություններ բացենք առևտրի և տնտեսական համագործակցության համար»,-ասել է նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պեսկովը նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները փայլուն հեռանկարներ ունեն, սակայն կողմերը դեռևս ժամանակ և գումար են կորցնում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության և հույս ունի «վերականգնել կանխատեսելիությունն ու փոխադարձ հարգանքը երկու երկրների միջև հարաբերություններում»: Այս ֆոնին ԱՄՆ-ն հայտարարել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին, որը ներառում է սահմանափակումներ «Ռոսնեֆտի», «Լուկօյլի» և նրանց դուստր ընկերությունների դեմ: Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, սակայն գործընթացը բարդ է և լուրջ դիվանագիտական աշխատանք է պահանջում: