Նորավանի դպրոցի տնօրենը տարբեր հաստիքներում նշանակել է ծանոթ անձանց և հափշտակել գումարները

Դպրոցի տնօրենից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև տնտեսվարին և այլ աշխատակիցների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը տարբեր հաստիքներում հրամանագրել է իր ծանոթ անձանց, որոնք ընդհանրապես աշխատանքի չեն եկել, և յուրացրեմլ նրանց աշխատավարձերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 22-ին գրել էինք, որ ձերբակալվել են Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։
Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ տնօրենը, 2021-2024թթ․ ընթացքում օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի գումարը, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։
Կոմիտեի տեղեկություններով՝ դպրոցի տնտեսվարի կողմից կազմված և տնօրենի կողմից հաստատված՝ աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրերի հիման վրա տարբեր անձանց որպես աշխատավարձ փոխանցվել է ընդհանուր շուրջ 2,7 մլն ՀՀ դրամի գումար։
Վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով (3 դրվագ) և 445–րդ հոդվածի 1–ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը:
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ–ում ավելի քան 18 մլն դրամի հափշտակություն է կատարվել
Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած դպրոցի երեք աշխատակիցներին, այդ թվում՝ տնտեսվարին, որի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը:
Պատճառված 2,7 մլն ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։
Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: