ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը կպատրաստի «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծ, որտեղ կնշեն մանկավարժներին հասանելիք բոլոր հիմնական արտոնությունները: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Անդրեասյանը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում Հայաստանում վերացվել էր ուսուցիչների թոշակը, որը որոշակի աշխատանքային ստաժ ունեցող մանկավարժները ստանում էին 55 տարեկանից սկսած:
Նա նաև նշել է, որ նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է սուբսիդավորել մի բնակավայրում ապրող, մեկ այլ բնակավայրում դասավանդող ուսուցիչների տրանսպորտի ուղեվարձը:
Նախարարի խոսքով՝ իրավապահներից տեղեկություններ են ստացվել ուսուցիչների մասին, որոնք արտոնություններ են ստացել բնակության վայրի մասին կեղծ տեղեկանքների հիման վրա: Ծրագիրը կվերսկսվի ստուգումներից և նման դեպքերը բացառելուց հետո։
Ինչ վերաբերում է նշված օրինագծին, ապա ԱԺ-ում դրա քննարկման ժամանակ նախարարությունը պատրաստ է լսել լրացուցիչ սոցիալական ծրագրերի մասին առաջարկները:
Հիշեցնենք, որ ի թիվս այլ բաների` Հայաստանում աշխատանքի անցած արցախցի ուսուցիչները ստանում են աշխատավարձի 30 տոկոս հավելում։ Հավելավճար են ստանում նաև Հայաստանի բոլոր այն ուսուցիչները, որոնք դասավանդում են բնական գիտություններ և ինֆորմատիկա: