Ժաննա Անդրեասյանի վարքագիծը պատրաստվում են քննել ՔՊ վարչությունում․ «Ժողովուրդ»

Ժաննա Անդրեասյանը. Արխիվային լուսանկար
Ըստ շրջանառվող լուրերի՝ ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Բանն այն է, որ կառավարությունում և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, դժգոհ են այն փաստից, որ Անդրեասյանի ընկերուհին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատասխանատվության ենթարկվեց կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար։ Մինչդեռ Անդրեասյանը կարողացավ խուսափել որևէ իրավական հետևանքից, այն պարագայում, երբ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է մշտապես»,- գրում է թերթը։
Ըստ պարբերականի՝ այդ հարցը բավականին երկար ժամանակ է քննարկվում իշխանության տարբեր մակարդակներում և նախատեսում են Անդրեասյանի վարքագիծը քննել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող նիստերի ժամանակ: Այդ քննարկումների ընթացքում նախարարից փորձելու են ճշտել, թե որպես համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ինչ 50 միլիոն դրամ է հաստատել ռեկտորի առաջարկությամբ, որը «տեղ չի հասել», այլ փոխառության է տրվել անհայտ ընկերության։
Թերթի աղբյուրներով՝ ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա, իսկ նախարար պետք է նշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։