ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հրազդանի ցեմենտի գործարանի սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանը կտրականապես հերքում է իր հասցեին և գործարանի հետ կապված գործընթացի վերաբերյալ մի շարք աշխատակիցների հնչեցրած հայտարարությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին արել գործարանի մոտ` նշելով, որ այն փակման եզրին է, 400 աշխատակից 13 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Նրանցից ոմանք պնդում էին նաև, որ գործարանի խնդիրները սկսեցին, երբ Խաչատրյանը 2024 թ. մտավ գործարան. աշխատողները աշխատավարձ սկսեցին չստանալ, մինչդեռ Խաչատրյանն ինքը մինչև 24 մլն դրամ աշխատավարձ է ստացել, աշխատանքից ազատել է նրանց, ովքեր ի պաշտպանություն գործարանի էին խոսել։ Բացի այդ, նրանք նշում էին, որ Խաչատրյանը միտումնավոր է ձգձգում գործարանի սնանկության գործընթացը։
«Սուտ է, հերյուրանք է. ինչպես ասում են` ստի ոտքը կարճ է։ Ես գիտեմ` այդ լուրերն ովքեր են տարածում. դա մի խմբակ է, որին ազատել եմ աշխատանքից` իրենց պարտականությունները վատ կատարելու համար։ Առաքման, մատակարարման բաժինների ղեկավարներին ազատել եմ աշխատանքից, քանի որ ցեմենտը վաճառել են ու չեն հսկել, որ գումարը մուտքագրվի սնանկության հաշվեհամարին։ Արդյունքում պարտքեր են գոյացել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես արձագանքեց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է իր աշխատավարձի մասին աշխատակիցների հնչեցրած գումարի չափին, ապա նա վստահեցրեց` հիմա աշխատավարձ չի ստանում։
«Գումար չկա, բաշխում չկա, աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվում, արդյունքում ես նույնպես աշխատավարձ չեմ ստանում։ Պարտատերերի բավարարված պահանջների տոկոսային հարաբերակցությամբ է իմ աշխատավարձը գոյանում»,– նշեց Խաչատրյանը։
Անդրադառնալով գործարանի աշխատակիցների այն պնդումներին, թե սնանկության գործընթացը միտումնավոր է ձգձգվում, որպեսզի գործարանը չվաճառվի, նա հայտարարեց, որ նման մտքերը հիմնազուրկ են` ինքը ձգտում է պահպանել կոլեկտիվն ու գործարանը։
«Եվ տնտեսական, և ֆինանսական օգուտի առումով և իմ երեք տարվա գործունեությունը ցույց է տալիս, որ պահպանում եմ կոլեկտիվը, գործարանի ամբողջ գույքը, որևէ բան չի վաճառվել այնտեղից։ Պահպանում եմ, որպեսզի գնորդը` որպես հետաքրքիր բիզնես, գա, գնի այն, ու գործարանն իր նպատակային նշանակությամբ աշխատի»,– ընդգծեց Խաչատրյանը։
Այն, որ աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում, նա չի հերքում` նշելով, որ 2024 թ. սեպտեմբերից սկսած աշխատավարձային պարտքը կա։ Նրա խոսքով` այս հարցում նաև շուրջ 370–ից ավելի աշխատակիցներն են թերացել` սնանկության վարույթին կցելու համար համապատասխան պահանջ չեն ներկայացրել, հետևաբար` դատարանում նրանց կողմից ներկայացված պահանջ չկա։
Արամ Խաչատրյանը հստակ գումարի չափ չկարողացավ ասել, թե կոնկրետ ինչ պարտքերի հետևանքով է գործարանը գնացել սնանկության։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում էլ ընդդեմ Հրազդանի ցեմենտ գործարանի կան բազմաթիվ հայցեր, այդ թվում` քաղաքացիական։ Այդ հայցերով տարբեր գումարներ են նշված։
Նշենք, որ Հրազդանի ցեմենտի գործարանը կառուցվել է 1969 թվականին։ Խորհրդային Միության փլուզումից հետո այն մասնավորեցվել է, մի քանի անգամ վերավաճառվել։ 2001 թվականին այն սեփականաշնորհել է «ՄԻԿԱ Արմենիա» ընկերության նախագահ, հանգուցյալ Միխայիլ Բաղդասարովը և վերանվանվել «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ:
Կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը 2016 թվականին փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որը դարձել է դրա լիիրավ սեփականատերը: 2017 թվականին գործարանը ձեռք է բերել «Հրազդանի ցեմենտ» կորպորացիան, որը պատկանում է «Հայբիզնեսբանկի» (ներկայում՝ ԱՄԻՕ բանկ) սեփականատերերին: