ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանն իր հարաբերությունները կառուցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ անկախ ԱՄՆ-ի հետ նրանց շփումներից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք կառուցում ենք մեր հարաբերությունները Սիրիայի նոր ղեկավարության հետ։ Դուք գիտեք, որ վերջերս պարոն ալ– Շարաան բավական բովանդակալից և հաջող այց է կատարել Մոսկվա, անցկացվել են նրա՝ բավական երկարատև բանակցությունները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - նշել է նա։
Ավելի վաղ ալ– Շարաան հայտարարել էր, որ Սիրիան թևակոխել է նոր դարաշրջան, որը կկառուցվի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ռազմավարության հիման վրա: Նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը կայացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները Սիրիայի ղեկավարի հետ:
Վաշինգտոնը մեղմացրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները և արտահանման վերահսկողության միջոցները, թույլատրել է ամերիկյան քաղաքացիական նշանակության ապրանքների, ինչպես նաև ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների մատակարարումը երկիր՝ առանց լիցենզիա ստանալու անհրաժեշտության: