ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Այս գիշեր Երկրին հզոր գեոմագնիսական փոթորիկ կհարվածի։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի հետազոտողները հայտնում են, որ այն կարող էG2-G3 մակարդակի հասնել։
«Այժմ դեպի մոլորակ թռչող պլազմայի բոլոր ամպերին կհասնի և կկլանի այսօրվա բռնկման արտանետումը։ Հարվածը Երկրին սպասվում է վաղը, և, ամենայն հավանականությամբ, այն կլինի ամենաուժեղը ներկայիս 25-րդ արեգակնային ցիկլում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գիտնականներն ավելի վաղ զգուշացրել էին, որ Արեգակի վրա տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերից ի վեր ամենահզոր բռնկումը։
Կանխատեսում նոյեմբերի համար`
Նոյեմբերի 11-12՝ ուժեղ մագնիսական փոթորկի բարձր ռիսկ։
Նոյեմբերի 13՝ աստիճանաբար այն կթուլանա, բայց հնարավոր են խանգարումներ։
Նոյեմբերի 14-23՝ հանգիստ կամ թույլ փոթորիկներ։
Նոյեմբերի 24-27՝ երկրորդ ալիք. հնարավոր է թույլ փոթորիկ։
Նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբ՝ կայունացում։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ երկարաժամկետ կանխատեսումները կարող են փոփոխվել, ուստի եղանակային պայմանների նկատմամբ զգայուն մարդիկ պետք է ամեն օր հետևեն թարմացվող տվյալներին։
Մագնիսական փոթորիկները Երկրի մագնիսական դաշտի խանգարումներ են, որոնք առաջանում են Արեգակի ակտիվ շրջաններից եկող արեգակնային պլազմայի հոսքերի հետևանքով։ G ցուցիչը գնահատում է մագնիսական փոթորիկների ուժգնությունը։ Հինգ մակարդակներ կան, որտեղ G1-ը ամենաթույլ խանգարումն է, իսկ G5-ը՝ ամենահզորը։
G3 մակարդակի ժամանակ խնդիրներ են նկատվում էներգահամակարգերի աշխատանքում, ապահովիչների կեղծ միացումներ, արբանյակային նավիգացիայի և ռադիոկապի խափանումներ: Բացի այդ, ուժեղ մագնիսական փոթորկի պատճառով կարող է բևեռափայլ հայտնվել երկնքում:
Ինչպես պահպանել առողջությունը արեգակնային ակտիվության ժամանակ
Ժամանակակից հետազոտությունների համաձայն՝ մագնիսական փոթորիկները չպետք է որևէ բացասական ախտանիշ առաջացնեն առողջ մարդկանց մոտ։
Այնուամենայնիվ, որոշ գնահատականների համաձայն, աշխարհի բնակչության 50%-70%-ը զգում է դրանց հետևանքները: Ամենից շատ դրա ազդեցությունը զգում են անեմիա, երկաթի անբավարարություն և քրոնիկ սրտանոթային հիվանդություններ ունեցողները։
Մասնագետները խորհուրդ են տալիս եղանակային պայմանների նկատմամբ զգայուն մարդկանց արեգակնային ակտիվության շրջանում խուսափել սթրեսներից և նյարդային լարվածությունից։
Բայց ամենակարևորը քնի ռեժիմը պահպանելն է:
Ինչ չի կարելի անել մագնիսական փոթորիկների ժամանակ
Խուսափեք ֆիզիկական ծանր աշխատանքից, քանի որ մագնիսական դաշտի փոփոխությունները կարող են բացասաբար ազդել սրտի և անոթների առողջության վրա: Նվազագույնի հասցրեք հեռախոսի և համակարգչի օգտագործումը, քանի որ էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է գլխացավ և քնի խանգարումներ առաջացնել: Խուսափեք կծու, ճարպոտ և ծանր սննդից, ինչպես նաև սուրճից, թունդ թեյից և ալկոհոլից: