Հայկական լրատվական դաշտը բառացիորեն պայթեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցնցող հայտարարությունից, թե ըստ ինչ-որ «ցարական քարտեզների»՝ հայկական տեղանունները թյուրքական ծագում ունեն, ինչը նշանակում է, որ Հայաստանը թյուրքական քոչվոր ցեղերի հայրենիքն է։
Հարցն այստեղ հենց ադրբեջանական կողմի հայտարարության մեջ չէ, քանի որ տարածաշրջանի իրական պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդու համար հասկանալի է, որ «հին քարտեզների» ադրբեջանցի սիրահարների հայտարարությունը, մեղմ ասած, անգրագիտության ու հիմարության արդյունք է։
Խնդիրն այլ է: Մինչ Երևանում հնչում են «խաղաղության նոր դարաշրջանի» մասին ներբողներ, Բաքվում անընդհատ որոտում են «պատերազմի թմբուկները», այն էլ Ադրբեջանի ղեկավարության միանգամայն ապուշ հայտարարությունների տեսքով՝ իբր հայկական տարածքները պատմականորեն հանդիսանում են առասպելական թյուրքական ժառանգություն։
Հակադրությունը պարզապես հայկական և ադրբեջանական կողմերի հռետորաբանության տարբերության մեջ չէ. Ադրբեջանի նախագահի շուրթերով «քարտեզներին» հղումները վերածվում են ռազմավարական ճահճի, որի մեջ Հայաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի է ներքաշվում «խաղաղության» մասին իր վարդագույն երազանքներով։
Սակայն, չնայած փաստերին, ուղղակի հիշենք, որ ՀՀ ղեկավարությունը, հակառակ տարածաշրջանային գործընթացների տրամաբանությանը, վերջին ամիսներին նոր թափով առաջ է տանում այն թեզը, թե «պատերազմների դարաշրջանն ավարտված է», և երկիրը թևակոխում է կայուն խաղաղության ժամանակաշրջան։ Ընդ որում, այդ հայտարարությունները հնչում են՝ հղում կատարելով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին, որը կապ չունի իրականության հետ, այլ ընդամենը հայկական կողմի համաձայնությունն է ամերիկացիների աշխարհաքաղաքական ներկայությանը՝ ինչ-որ լոգիստիկ կառույցի ձևավորման համատեքստում, որն իր էությամբ և բովանդակությամբ շատ է հիշեցնում «միջանցք», ինչն այդպես պնդում է ադրբեջանական կողմը։
Բայց հիմա կենտրոնանանք այլ բանի վրա։
Այստեղ հարցն այն է, որ չնայած հայկական կողմի բոլոր ջանքերին՝ ցանկալի «խաղաղությունը» ներկայացնել որպես «ադրբեջանական իրականություն» ինչպես չի եղել, այնպես էլ չկա։
Պետք է պարզապես հասկանալ, որ ադրբեջանական կողմի, ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանում խաղաղ գոյակցության պայմանների ձևավորմանը, այլ Հայաստանի վրա հետագա ճնշման պայմանների ստեղծմանը։
Անշուշտ, Ադրբեջանի՝ իր տարածքով Վրաստան բեռների տարանցման թույլտվությունը Հայաստանի համար փաշինյանական իշխանությունները ներկայացնում են որպես խաղաղ օրակարգի համատեքստում ինչ-որ բեկում, բայց դա այդպես չէ։
Ադրբեջանի կողմից տարանցման թույլտվությունն ընդամենը Հայաստանի դեմ հիբրիդային «խաղի» մի տարր է` անգլոսաքսոնական ուժային կենտրոնների ներգրավմամբ, քանի որ ո՛չ տարանցումը, ո՛չ էլ նույնիսկ հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարներն ադրբեջանական կողմի համար դասական իմաստով խաղաղության հաստատման գործընթաց չեն, այլ հակառակը։
Խնդրո առարկայից թեթևակի շեղվելով՝ հիշենք մի պարզ ճշմարտություն. երկրների միջև առևտուրը կամ կոմունիկացիոն կապերը երբեք խոչընդոտ չեն եղել պատերազմների սանձազերծման համար, կամ չեն հանդիսացել ագրեսիվ կողմի խաղաղասիրական տրամադրվածության ցուցիչ: Հակառակ թեզի պնդումը կա՛մ էժանագին մանիպուլյացիա է, կա՛մ աղաղակող անգրագիտություն և աշխարհաքաղաքական իրողությունների թյուրիմացություն։
Խաղաղության երաշխիքն ունի երկու հիմնական գործոն։
Առաջինը՝ հակամարտող կողմերի՝ միմյանց ընդառաջ գնալու որոշումն է՝ հենվելով իրավիճակի սրում թույլ չտալու վրա։
Երկրորդը՝ պատերազմող կողմերի միջև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական հավասարակշռության ձևավորումն է։
Ո՛չ մի նման բան չկա, և, դիտարկելով ադրբեջանական կողմի քաղաքականությունը, կարելի է միանշանակ եզրակացնել, որ Բաքվի կողմից գեներացվող գործընթացը բացարձակապես հակասում է Հարավային Կովկասում թյուրքական եկվոր տարրի հետ բնիկ հայկական էթնոքաղաքական միավորի խաղաղ գոյակցության տրամաբանությանը։
Ինքներդ դատեք՝ ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ ադրբեջանական կողմը Թուրքիայի լիակատար ռազմական և դիվանագիտական օժանդակությամբ Հայաստանը ենթարկում է պատերազմ սկսելու անընդմեջ շանտաժի։
Ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը կառուցված է Հայաստանի՝ իբր թյուրքական պատկանելության մասին կեղծ պնդումների և հայերիս անմարդկային ատելության վրա։
Ընդ որում, նման վայ-պատմաբաններին բացարձակապես չի անհանգստացնում այն փաստը, որ հայ ժողովրդի պատմական ժառանգության և Հայաստանի պատմության ժխտմամբ փաստացի հերքվում է Հին Հռոմի, Բյուզանդիայի, Պարսկաստանի և Օսմանյան կայսրության պատմությունը։
Բայց, վերադառնալով «քարտեզներին», ընդգծենք մի շատ կարևոր նրբություն՝ հատկապես ո՞ր քարտեզների հիշատակումն է ադրբեջանական կողմը ներկայացնում որպես փաստարկ Հայաստանի տարածքը ադրբեջանցիներով բնակեցնելու համար: Ընդ որում, զուգահեռաբար իսպառ մերժվում է Արցախից վտարված հայության վերադարձի հնարավորությունն իր բնօրրան։
Այսինքն` խոսքն այստեղ ոչ թե խաղաղության համար պայմաններ ստեղծելու, այլ «մտրակի» (պատերազմով շանտաժ և մշտական սպառնալիքներ՝ զուգահեռաբար կեղծելով տարածաշրջանի պատմությունը) և «քաղցրաբլիթի» (տարանցման թույլտվություն և տարածաշրջանում կոմունիկացիաների մասնակի բացում) մեթոդով «Արևմտյան Ադրբեջան» նախագծի առաջխաղացման մասին է, ինչը փաստացի ենթադրում է Հայաստանի ապամոնտաժում։
Այսինքն` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այս փուլում իրականում ընդամենը պատրանքների, կեղծիքների, նախընտրական հռետորաբանության և բացահայտ լկտի խաբեության «թղթե տնակ» է։