ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայկական բանկերը քարտեր կթողարկեն ազգային վճարային «ԱրՔա» և չինական UnionPay համակարգերի համատեղ բրենդի ներքո: Այս մասին այսօր համաձայնագիր են ստորագրել «ԱրՔայի» գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը և UnionPay–ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Դենիս Պարամոնովը:
«ԱրՔայի» և MasterCard–ի միջև էլ նմանատիպ համաձայնագիր են ստորագրել Խաչատրյանը և MasterCard–ի Վրաստանի ու Հայաստանի գծով մենեջեր Դավիթ Զգուդաձեն:
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Պարամոնովը` Չինաստանից բացի UnionPay–ն արդեն ակտիվորեն գործում է Միջին Ասիայում` ապահովվելով իրենց այդ քարտերի 100 տոկոսանոց կիրառումը Ղազախստանում և Ուզբեկստանում։ Ընդհանուր առմամբ, վճարային այս համակարգը գործում է աշխարհի 183 երկրներում:
Դենիս Պարամոնովն ու Վարդան Խաչատրյանը
© Sputnik / Aram Gareginyan
Նրա խոսքով` հայկական բանկերը նույնպես հետաքրքրված են նման համակցված քարտերի թողարկմամբ։
«Ամենայն հավանականությամբ` արդեն 2026 թվականի առաջին եռամսյակում մեր այդ պրոդուկտը կտեսնեք բանկերից շատերի քարտային բազայում»,– հայտարարեց Պարամոնովը։
Դավիթ Զգուդաձեն Sputnik Արմենիայի հետ զրույցում իր հերթին նշեց, որ «ԱրՔա»–MasterCard քարտերը համատեղելու են տեղական և միջազգային առավելությունները։
Դավիթ Զգուդաձեն ու Վարդան Խաչատրյանը
© Sputnik / Aram Gareginyan
Հայաստանի ներսում այս քարտերի համար գործելու են բոլոր հնարավոր առավելությունները, որոնք հասանելի են «ԱրՔա» քարտերին, այդ թվում՝ անկանխիկ գնումների ընդհանուր քեշբեքը` 2 %–ի չափով, որը նախատեսվում է ՀՀ–ում ներդնել 2026 թվականից։
Երկրի սահմաններից դուրս նման քարտերի համար հասանելի կլինեն MasterCard–ի բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ Apple Pay և Google Pay ծառայությունները։
Հայաստանում նման քարտերը կսպասարկվեն «ԱրՔա» քարտերի սակագներով, իսկ երկրի սահմաններից դուրս՝ UnionPay–ի կամ Master Card–ի սակագներով:
Համաձայնագրերը ստորագրվել են Երևանում միջազգային ֆինանսական ֆորումի շրջանակում, որի կազմակերպիչն է ռուսական Plus Group ընկերությունը: