Եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվեն տարածքներով, դա կորոշվի հանրաքվեով. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, քանի որ նախ անկլավները պետք է սահմանազատվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ ՀՀ–ն ու Ադրբեջանը պետք է փոխանակվեն տարածքներով, այդ հարցը ՀՀ օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով` անկլավների հարց այս պահին կա, որը, սակայն, պետք է արձանագրվի սահմանազատման գործընթացի շրջանակում։ Պատգամավորը տեղեկացրեց, որ տեղի կունենան սահմանազատման աշխատանքներ, հետո ՀՀ–ն ուԱդրբեջանը կորոշեն՝ անկլավների թեմային ինչպես անդրադառնան։
«Այստեղ թաքցնելու որևէ թեմա չկա։ Տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, քանի որ նախ անկլավները պետք է սահմանազատվեն։ Թե երբ դա կլինի, հայտնի չէ։ Սահմանազատման գործընթացի ինչ–որ մի փուլում պետք է նաև անկլավների հարցը քննարկվի»,– ընդգծեց Խանդանյանը։
ՔՊ–ական պատգամավորը նշեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, որը պետք է նաև վավերացվի։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանը կվերադարձնի Արծվաշենը և օկուպացիայի տակ գտնվող հայկական մյուս տարածքները: Օրեր առաջ էլ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Տավուշում Տիգրանաշեն գյուղի և երեք անկլավների վերադարձը մնում է Բաքվի ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ Փաշինյանն արդեն մի քանի անգամ ասել է, որ ՀՀ ոչ մի կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ–անկլավների հարցից, որովհետև մենք ունենք Արծվաշեն։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից դեռ 2024–ի մարտին հայտարարել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»:
29 800 քառ․ կմ-ի մեջ Արծվաշենը ևս մտնում է․ Փաշինյան